Արագած ջրի տեխնոլոգիա

Արագած աղբյուրի զտված  ջրի  տեխնոլոգիա

«Արագած» աղբյուրի խմելու զտված  ջրի շշալցումն իրականացվում է որոշակի տեխնոլոգիայով, շշալցվող ջրերին ներկայացվող հիգիենիկ պահանջների պահպանմամբ: «Արագած» աղբյուրի զտված ջրի շշալցման տեխնոլոգիան ներառում է հետևյալ հիմնական քայլերը.

• աղբյուրի ջրի տեղափոխում խողովակաշարի միջոցով աղբյուրից մինչև գործարան,
• մշակում (համի, հոտի և գույնի համապատասխանեցում ակտիվացված ածխի ֆիլտրի միջոցով,  մաքրում և զտում հակադարձ-օսմոսի եղանակով),
• ջրի պահեստավորում,

• տարաների լվացում/ցայում,
• շշալցում,
• խցանավորում,
• խոտանավորում,
• կոդավորում,
• պիտակավորում,
• փաթեթավորում,
• պահպանում,
• տեխնոլոգիական ողջ գործընթացում  ջրի որակի վերահսկում լաբորատոր պայմաններում:
 

Շշալցումը կատարվում է ցայված պոլիէթիլենտերեֆտալատե (ՊԷՏՖ) շշերում կամ ցայված պոլիկարբոնատային տարաներում: ՊԷՏՖ շշերը շշափչվում են անմիջապես արտադրության ժամանակ: Ցայումն իրականացվում է ջրածնի պերօքսիդի 1-5 մգ/լ խտության լուծույթով կամ օզոնի 0.01-0.1 մգ/լ պարունակությամբ մշակված ջրով: Լվացող/ցայող մեքենայից շշերն ավտոմատ հոսքագծով տեղափոխվում են շշալցնող մեքենա: Շշալցումն իրականացվում է շշալցման ավտոմատ համակարգերով լցման խցիկներում, իզոբար մեթոդով: Խցանավորումը նույնպես կատարվում է ավտոմատ համակարգով, արտադրության և որակի հսկման օպերատորների մշտական հսկողությամբ: Խցանավորող մեքենան գտնվում է անմիջապես շշալցնող մեքենայի մեջ, ինչն ապահովում է շշալցված արտադրանքի ստերիլությունը պիտանիության ժամկետի ընթացքում: Խցանավորված շշերը կոդավորվում են կոդավորող լազերային մեքենայի միջոցով: Բոլոր շշերի վրա նշվում են արտադրման ամսաթիվը, ժամը, խմբաքանակը: Պատրաստի արտադրանքը պիտակավորվում է գեղարվեստորեն ձևավորված պիտակներով: Պիտակավորումից հետո արտադրանքը փաթեթավորվում է ջերմակծկումային թաղանթով, ավտոմատ ռեժիմով աշխատող մեքենայի միջոցով: Փաթեթավորված արտադրանքը պահվում է հատուկ` չոր և արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված պահեստային շինություններում 5-20օC ջերմաստիճանի պայմաններում, տակդիրների վրա, որոնք բացառում են շշերի հպումը պատերին կամ հատակին: Պիտանիության ժամկետը՝ 24 ամիս շշալցման օրվանից: