Բջնիի տեխնոլոգիա

«Բջնի» հանքային ջրի շշալցումն իրականացվում է որոշակի տեխնոլոգիայով,շշալցվող ջրերին ներկայացվող հիգիենիկ պահանջների պահպանմամբ: «Բջնի» հանքային ջրի շշալցման տեխնոլոգիան ներառում է հետևյալ հիմնական քայլերը.

• հորատանցքից հանքային ջրի արդյունահանում և  ածխածնազերծում (ապագազացում),
• հանքային ջրի տեղափոխում աղբյուրից մինչև գործարան խողովակաշարի միջոցով,
• ջրի պահեստավորում և դեկանտում,
• մշակում (ֆիլտրում, սառեցում, ածխածնի երկօքիդով հարստացում),
• տարաների լվացում/ցայում,
• շշալցում,
• խցանավորում,
• խոտանավորում,
• կոդավորում,
• պիտակավորում,
• փաթեթավորում,
• պահպանում,
• տեխնոլոգիական ողջ գործընթացի ընթացքում ջրի որակի վերահսկում լաբորատոր պայմաններում:

Հարկ է նշել, որ և´ խողովակաշարը, և´ ջրի կուտակման համար նախատեսված տարողությունները պատրաստված են չժանգոտվող մետաղներից, որոնք պարբերաբար  ենթարկվում են սանիտարական մշակման: Ջրի ֆիլտրման մեխանիզմները գերմանական խոշորագույն «Pall Corporation» ընկերության լավագույն արտադրանքներից են: Ֆիլտրված հանքային ջուրը նախքան շշալցումը հարստացվում է նախապես ֆիլտրված և մաքրված ածխածնի երկօքսիդով, որը ստացվում  է բնական ածխաթթվային հանքից: Շշալցումը կատարվում է բացառապես լվացված և ցայված ապակյա տարաներում կամ ցայված պոլիէթիլենտերեֆտալատե (ՊԷՏՖ) շշերում: Ապակյա շշերի լվացումը կատարվում է նատրիումի հիդրօքսիդի 1-4%-անոց լուծույթով, ցայումը կատարվում է մի քանի քայլով, վերջում՝ ջրածնի պերօքսիդի 1-5 մգ/լ խտության լուծույթով և մշակված ջրով: ՊԷՏՖ շշերը շշափչվում են անմիջապես արտադրության ժամանակ: Ցայումն իրականացվում է ջրածնի պերօքսիդի 1-5 մգ/լ խտության լուծույթով: Լվացող/ցայող մեքենայից շշերն ավտոմատ հոսքագծով տեղափոխվում են շշալցնող մեքենա: Շշալցումն իրականացվում է շշալցման ավտոմատ համակարգերով լցման խցիկներում, իզոբար մեթոդով: Խցանավորումը ևս կատարվում է ավտոմատ համակարգով, արտադրության և որակի հսկման օպերատորների մշտական հսկողությամբ: Խցանավորող մեքենան գտնվում է անմիջապես շշալցնող մեքենայի մեջ, ինչն ապահովում է շշալցված արտադրանքի ստերիլությունը պիտանիության ժամկետի ընթացքում: Խցանավորված շշերը կոդավորվում են կոդավորող լազերային մեքենայի միջոցով: Բոլոր շշերի վրա նշվում են արտադրման ամսաթիվը, ժամը, խմբաքանակը: Պատրաստի արտադրանքը պիտակավորվում է գեղարվեստորեն ձևավորված պիտակներով, որոնք սոսնձվում են շշի գլանաձև հատվածի վրա: Պիտակավորումից հետո արտադրանքը փաթեթավորվում է ջերմակծկումային թաղանթով ավտոմատ ռեժիմով աշխատող մեքենայի միջոցով: Փաթեթավորված արտադրանքը պահվում է հատուկ` չոր և արևի ուղիղ
ճառագայթներից պաշտպանված պահեստային շինություններում, 5-20օC ջերմաստիճանի պայմաններում, տակդիրների վրա, որոնք բացառում են շշերի հպումը պատերին կամ հատակին: Շշալցված հանքային ջուրը խորհուրդ է տրվում տնային պայմաններում պահել մութ և սառը տեղում, հորիզոնական վիճակում և հեռու արևի ուղիղ ճառագայթներից: Պիտանիության ժամկետը՝ 12 ամիս արտադրման օրվանից: Այդ ընթացքում կարող է առաջանալ հանքային աղերի աննշան քանակությամբ նստվածք, ինչը թույլատրելի է: