Գործարան

«Բջնի» հանքային ջրերի գործարանը հիմնադրվել է 1976 թ. 2,6 հա տարածքի վրա, 8 մլն շիշ/տարի արտադրողականությամբ: 1995 թ. այն մասնավորեցվել է: Ներկայումս «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանի արտադրողականությունն աճել է մի քանի անգամ: Գործարանի տարածքը կազմում է 7,5 հա, այդ թվում` արտադրական տարածք 1300 քմ, պահեստներ` 4180 քմ, վարչական տարածք`2214 քմ: Գործարանն ընդլայնել է և շարունակում է ընդլայնել արտադրությունը թե՛ քանակական, թե՛ ապրանքատեսականու և թե՛ տեխնիկական վերազինման առումով: Ներկա դրությամբ, բացի բնական հանքային և աղբյուրի խմելու ջրերից, գործարանն արտադրում է նաև աղբյուրի զտված ջուր և ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ՝ լիմոնադներ և «Բջնի» կիտրոնի համով ըմպելիք: Հանքային ջրի աղբյուրը գտնվում է Հրազդան գետի միջին հոսանքում` ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա գտնվող գեղատեսիլ կիրճում՝ Բջնի գյուղի տարածքում: Շուրջ 200 մ խորության վրա գտնվում է «Բջնի» ածխաթթվային հանքային ջրի 2 ԷԿ հորատանցքը, որը 1968 թ. այդ  տարածքում հայտնաբերված 1/67 հորատանցքի կրկնօրինակն է: «Նոյ» աղբյուրի խմելու ջուրը բխում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա գտնվող լեռնային աղբյուրից, Երևանից 35 կմ հեռավորության վրա գտնվող Ալափարս գյուղում: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանն իր աշխատանքային գործունեության հենց առաջին իսկ օրվանից մշտապես իրականացնում է տեխնոլոգիական վերազինման և վերակառուցման աշխատանքներ` համալրելով արտադրական կարողությունները, ընդլայնելով արտադրական պայմանները և իրականացնելով շենք-շինությունների, շենքային մասերի ներքին հարդարման աշխատանքներ: Ընկերությունում ներկայումս ստեղծված են ժամանակակից արտադրությանը ներկայացվող բոլոր պահանջները բավարարող արտադրական պայմաններ: Ձեռնարկությունն ապահովված է անհրաժեշտ արտադրական տարածքներով և ներկայացվող բոլոր պահանջներին համապատասխան արտադրամասերով,  որոնք են` 

Ապակյա տարաներով շշալցման արտադրամաս`12.000 շիշ/ժամ արտադրողականությամբ հոսքագծերով 0.33 լ և 0.5 լ տարողությամբ շշերի լցման համար: 
 ՊԷՏ տարաներով շշալցման արտադրամաս`8.000 շիշ/ժամ և 12.000 շիշ/ժամ արտադրողականությամբ հոսքագծերով 0.5 լ- 1.5 լ տարողությամբ շշերով հանքային ջրի շշալցման համար, 0.5 լ և 1.0 լ ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների շշալցման համար, 8000 շիշ/ժամ արտադրողականությամբ հոսքագծերով 0.33-1.5 լ տարողությամբ շշերով աղբյուրի ջրի շշալցման համար, նաև 5.0 լ, 6.0 լ, 10.0 լ տարողությամբ պոլիէթիլենտերեֆտալատից շշերով ու 19.0 լ (հինգ ամերիկյան գալոն) տարողությամբ պոլիկարբոնատային տարաներով աղբյուրի ջրի շշալցման հոսքագծերով:  
• Օշարակի արտադրամաս՝ օշարակի պատրաստման համակարգով և համապատասխան սարքավորումներով: