Ջրի բաղադրություն

«Բջնի» հանքային ջուրը դասվում է հիդրոկարբոնատային, նատրիումական, սիլիկատային, բորային հանքային ջրերի խմբին:
«Բջնի» հանքային ջրի հիմնական բնորոշ ցուցանիշներից է ընդհանուր հանքայնացումը: Դա ջրում պարունակվող բոլոր անիոնների, կատիոնների և չդիսոցված մոլեկուլների հանրագումարն է և կազմում է 4,9-6,5 գ/դմ3: Քիմիական տարրերի, գազերի և օրգանական միացությունների պարունակությամբ են պայմանավորված «Բջնի» հանքային ջրի կենսաբանական և բուժիչ ազդեցությունները: Լուծված հանքային աղերն առկա են իոնների` կատիոնների և անիոնների ձևով: Հիմնական կատիոններն են նատրիումը (Na+), կալիումը (K+), կալցիումը (Ca2+) և մագնեզիումը (Mg2+), իսկ անիոններից` քլորիդները (Cl-), սուլֆատները (SO42-) և հիդրոկարբոնատները (HCO3-):

Նատրիումը  մարդու արյան պլազմայի և հյուսվածքային հեղուկի հիմնական բաղադրիչն է: Այն շատ արագ ներծծվում է և հանքային ջուրն ըմպելուց արդեն մի քանի րոպե հետո հայտնաբերվում է գրեթե բոլոր օրգաններում և հյուսվածքներում: Նատրիումը քլորի հետ հյուսվածքներում ապահովում է օսմոսային ճնշումը և կարևոր դեր է խաղում օրգանիզմի աղաջրային փոխանակության մեջ: Նատրիումի իոնները խթանում են աղիքային ֆերմենտների արտազատումը, նվազեցնում են սպիտակուցների օքսիդացումը և արագացնում գլյուկոզի ներծծումը: Նատրիումի իոնները՝ սուլֆատ և քլորիդ իոնների համադրությամբ, օրգանիզմի վրա թողնում են լեղամուղ ազդեցություն:

Կալիումը մեծ դեր է խաղում օրգանիզմի ներքին միջավայրի ռեակցիայի տատանումները կանխող և կայունությունն ապահովող բուֆերային համակարգերի ձևավորման խնդրում: Այն դասվում է ներբջջային հիմնական կատիոնների շարքը` լինելով բոլոր կենդանի օրգանիզմների ներբջջային միջավայրի անհրաժեշտ բաղադրիչը: Մարդու օրգանիզմում կալիումի գրեթե 98%-ը գտնվում է հյուսվածքների բջիջներում:

Կալցիումը  օրգանիզմում ընթացող բազմաթիվ ֆիզիոլոգիական և կենսաքիմիական ռեակցիաների մասնակից է: Ապացուցված է կալցիումի առաջատար դերը որպես օրգանիզմի հիմնական բջիջների (նյարդային, մկանային, երիկամային, լյարդային և այլն) գործունեության կարգավորիչ: Կալցիումն ամրացնում է կենսաբանական թաղանթները, նվազեցնում է դրանց թափանցելիությունը, թողնում է հակաբորբոքային և հակաալերգիկ ազդեցություն, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, խթանում միզարտադրությունը:

Մագնեզիումը  մկանների և օրգանիզմի հեղուկ միջավայրի մասն է կազմում, ածխաջրերի փոխանակության գործընթացը խթանող դեր ունի, ամրացնում է կենսաբանական թաղանթները: Համադրվելով սուլֆատների հետ՝ խթանում է լեղու արտազատումը:

Հիդրոկարբոնատներն առավել հաճախ համադրվում են նատրիումի իոնների հետ` ձևավորելով նատրիումի հիդրոկարբոնատ: «Բջնի» հանքային ջուրը պատկանում է հիդրոկարբոնատային կամ հիմնային ջրերի դասին: Այն թողնում է հիմնային ազդեցություն, ինչը արտահայտվում է հատկապես ստամոքսում: Իջեցնելով ստամոքսի պարունակության թթվայնությունը` «Բջնին» նվազեցնում է ստամոքսի սպազմը և արագացնում սննդի անցումը տասներկումատնյա աղիք: «Բջնին», լինելով հիդրոկարբոնատային ջուր, նպաստում է լորձաթաղանթների նորացմանը` հանգեցնելով ախտածին լորձի վերացման: Նպաստում է սպիտակուցների, ածխաջրերի և նուկլեինաթթուների փոխանակությանը: Ունենալով հիդրոկարբոնատային ջրերի դրական ազդեցության լայն սպեկտրի բոլոր էֆեկտները` մարսողական համակարգի օրգանների բուժման մեջ «Բջնին» առաջատար տեղ է զբաղեցնում:

Քլորիդ իոնները  «հումք» են ծառայում ստամոքսի գեղձերից աղաթթվի սինթեզի համար: Դա նպաստում է ստամոքսահյութի մարսողական ֆերմենտների ակտիվացմանը: Քլորիդ իոնները նպաստում են մարսողական գործընթացի բարելավմանը` արագացնելով սննդային սպիտակուցների, ածխաջրերի և ճարպերի յուրացումը, կարգավորում են նյութափոխանակությունը, մասնակցում են օրգանիզմի աճին և զարգացմանը: Բացի այդ, քլորիդները հեշտացնում են աղիների դատարկման գործընթացը:

Սուլֆատները հաճախ համադրվում են նատրիումի, մագնեզիումի և կալցիումի կատիոնների հետ: Պարունակելով 160-280 մգ/դմ3 սուլֆատ իոններ` «Բջնի» հանքային ջուրը ակնհայտ խթանում է աղիների գալարակծկումները, գրգռում աղիների լորձաթաղանթը` նպաստելով մարսողության գործընթացի լավացմանը: Կարգավորելով մարսողությունը` հանքային ջուրը «լիցքաթափում» է օրգանիզմը, հատկապես՝ լյարդը` այն մաքրելով թունավոր նյութերից: Սուլֆատ իոնները խթանում են լեղու արտադրությունը լյարդից, ուժեղացնում են լեղապարկի կծկումը և լեղու արտազատումը տասներկումատնյա աղիք: Դա կանխում է լեղապարկի բորբոքումները և քարերի առաջացումը լեղապարկում: Սուլֆատ իոնները կանխում են միզատար ուղիների բորբոքումը:

«Բջնի» հանքային ջուրը խառը տիպի հանքային ջուր է, քանի որ պարունակում է վերոհիշյալ բոլոր իոնները: Խառը տիպի հանքային ջրերը մեծ արժեք ունեն: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ հանքային ջրերը հնարավորություն են տալիս անցկացնելու համալիր թերապիա` միաժամանակ բուժելով մի քանի օրգաններ:

«Բջնի» հանքային ջուրը պարունակում է նաև մեծ թվով միկրոտարրեր` երկաթ, արսեն, յոդ, բրոմ, սիլիցիում, պղինձ, կոբալտ, մանգան: Այս միկրոտարրերի չափավոր պարունակությամբ է նաև պայմանավորված «Բջնիի» բուժիչ հատկությունը:

Ջուրը կյանք է

Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Այն համարվում է մաքրության և պտղաբերության խորհրդանիշ: Բոլոր հայտնի լեգենդներում կյանքը սկիզբ է առնում ջրից: Դարեր առաջ, երբ մարդիկ փոխադարձ հարգանքն ավելի թանկ էին գնահատում, քան ոսկին, աղբյուրների վրա գրում էին. 

«Ճամփո՛րդ, կանգնիր և խոնարհվիր: Աղբյուրի ջուրը երիտասարդներին ուժ է տալիս, կանանց՝ սեր ու գեղեցկություն և ծերերին վերադարձնում է առողջությունը»: 

Ջուրը միակ նյութն է, որը բնության մեջ հանդիպում է երեք ձևով` պինդ, հեղուկ և գազային: Ինչպես հայտնի է, մարդը 2/3-ով բաղկացած է ջրից: Քրոնիկ ջրազրկումը դեգեներատիվ հիվանդությունների մեծ մասի առաջնային պատճառն է: Մեր օրգանիզմի օրական ջրի պահանջը կազմում է 2-3 լ: Սննդի հետ մենք ստանում ենք 1,5 լ, ևս 0,5 լ ջուր առաջանում է հենց օրգանիզմում: Մեր արտաքին տեսքը, առողջությունը և աշխատունակությունը կախված են այն ջրի մաքրությունից, որը խմում ենք: Մենք ջրի որակի ամենախիստ պահանջներ ներկայացնելու իրավունք ունենք:
Մարսողական համակարգի օրգանների հիվանդությունների բուժման ժամանակ կարևորագույն դեր է կատարում հանքային ջրի ընդունումը: Բուժիչ է համարվում այն հանքային ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ, առավել ևս` սեղանի բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից: Հարկ է նշել, որ հանքային աղբյուրները հաճախ տասնյակ կիլոմետրերով հեռու են լինում իրենց ակունքներից: Դա նպաստում է ջրի էլ ավելի հանքայնացմանը: «Բջնին» պատկանում է հենց այն բուժիչ հանքային ջրերի շարքին, որոնք կոչվում են բուժիչ-սեղանի: Այսինքն` այն կարելի է խմել առանց սահմանափակման: Իզուր չէ, որ «Բջնի» հանքային ջրի համար ընտրվել է հենց «Խմիր որքան ուզում ես» կարգախոսը:

«Բջնի» հանքային ջրի  բացառիկ բուժիչ հատկությունները պայմանավորված են.

• Քիմիական հատկություններով` ընդհանուր հանքայնացմամբ, իոնային կազմով, բնական ածխաթթու գազի առկայությամբ և տարբեր օրգանական միացությունների պարունակությամբ:
• Ֆիզիկական հատկություններով ` ջրածնական ցուցիչով, ջերմաստիճանով և ջերմակայունությամբ:
• Կենսաբանական հատկություններով ` հակաբակտերիալ նյութերի և միկրոօրգանիզմների կենսագործունեության այլ արգասիքների պարունակությամբ:

«Նոյ» աղբյուրի ջուրն իսկապես կենարար ջուր է: Այն սկիզբ է առնում ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա գտնվող լեռնային աղբյուրից, Երևանից 35 կմ հեռավորության վրա, Կոտայքի մարզի Ալափարս (նախկին Վարդանավանք) գյուղում: Սա յուրահատուկ վայր է. այստեղ ջուրը ծածկված է հզոր անջրաթափանց ապարներով: Յուրահատուկ բնական պայմաններն ապահովում են «Նոյ» աղբյուրի ջրի յուրահատուկ բաղադրությունը և օգտակար հատկությունները: «Նոյ» աղբյուրի ջուրը խորհուրդ է տրվում օգտագործել մանկական սննդի պատրաստման համար: Այն հեշտությամբ յուրացվում է երեխաների մարսողական համակարգում և շատ լավ լուծում է կաթնային խառնուրդները: «Նոյը» կարելի է նաև օգտագործել դեղագործության մեջ: «Նոյ» աղբյուրի ջուրը հաճելի համ ունի, թարմացնում է և հիանալի հագեցնում ծարավը:

  • Երեխաներ

Երեխաները մեր կյանքի իմաստն են: Մենք մշտապես հոգում ենք նրանց մասին` ցանկանալով, որ ապրեն երկար և առողջ: Երեխաները լի են էներգիայով և անընդհատ ձգտում են ազատվել դրանից` վազելով, խաղալով և պարելով: Դա նշանակում է` նրանք օրվա մեջ ունենում են ջրի շատ մեծ կորուստ և, հետևաբար, պահանջ: Ինչո՞ւ է կարևոր որպես երեխաների ծարավը հագեցնելու հիմնական միջոց ընտրել ջուրը. այն չի պարունակում կալորիա, ճարպ, խոլեստերին կամ կոֆեին, որոնք առկա են շատ այլ ըմպելիքների մեջ: Բացի դրանից, այն հարաբերականորեն էժան է և ավելի լավ է հագեցնում ծարավը: Հատկանշական է, որ 10 տարեկան երեխային, որն ունի 30 կգ քաշ, օրական, բացի կերակրի միջոցով ստացածից, միջին հաշվով անհրաժեշտ է առնվազն 1 լ ջուր: Մենք հաճախ տեսնում ենք, թե ինչպես են մայրերը տխրում, երբ իրենց երեխան վատ տրամադրություն ունի: Իմացեք, որ շատ հաճախ դրա պատճառը ջրազրկումն է, որն ունի հետևյալ ախտանիշները. հոգնածություն, գլխացավ, թմրածություն և այլն: Հոգալով մեր երեխաների մասին` նրանց կյանքն ավելի երջանիկ ու առողջ  դարձնենք՝  միշտ վստահ լինելով, որ ջրի պակաս չունեն:

  • Մայր և մանուկ

Հղիության ընթացքում շատ կանանց մտահոգում է այն հարցը, թե ինչքան ջուր է անհրաժեշտ խմել օրվա ընթացքում: Քանի որ ջրի ճիշտ օգտագործումը շատ կարևոր է առողջ հղիություն անցկացնելու համար, պետք է հարաբերականորեն ավելի շատ օգտագործել այդ ընթացքում, նույնիսկ՝ այտուցվելու պարագայում: Հղիության ընթացքում այտուցվելիս հեղուկը կուտակվում է միջհյուսվածքային տարածությունում: Երբ հղի կինը սահմանափակում է ջրի օգտագործումը, դրա պակասն առաջին հերթին զգացվում է արյունատար հունում: Այդ պատճառով էլ, եթե նա այտուցներ ունի, չպետք է կտրուկ սահմանափակի ջրի քանակը: Հեղուկը մարմնի տրանսպորտային համակարգն է, որը սնունդը արյան միջոցով հասցնում է երեխային: Հղի կանանց համար շատ կարևոր է խմելու ջրի բարձր որակը, քանի որ դրանով է նաև պայմանավորված իր և իր երեխայի առողջությունը:

  • Ակտիվ սպորտային կյանք

Եթե զբաղվում եք սպորտով կամ ակտիվ կյանքով եք ապրում, խորհուրդ է տրվում ավելի շատ ջուր օգտագործել, քան ընդունված միջին ցուցանիշն է: Սա բացատրվում է նրանով, որ այն մարդիկ, որոնք ակտիվ կենսակերպ են վարում, ավելի շատ ջուր են կորցնում, քան պասիվ կենսակերպով ապրող մարդիկ: Ֆիզիկական ակտիվության ժամանակ 70 կգ կշռող մարդը պետք է օրական միջինը օգտագործի մոտ 3.5-4 լ ջուր: Օգտագործեք այնքան ջուր, ինչքան անհրաժեշտ է ձեր օրգանիզմին, և կապրեք առողջ ու երկար:

  • Տարեց մարդիկ

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տարիք ունի իր ֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Ջուրը, լինելով կյանքի հիմքը, մասնակցում է օրգանիզմի բոլոր կենսական գործընթացներին`մեծ դեր խաղալով հատկապես տարեց մարդկանց կյանքում: Ինչպես հայտնի է, տարեց մարդկանց օրգանիզմի 60-70%-ը բաղկացած է ջրից և օրական պահանջում է 1.5 լ ջուր`չհաշված կերակրի հետ ընդունած ջուրը: 55 և բարձր տարիքի մարդկանց շրջանում ջրազրկումը հոսպիտալացման ամենահաճախ հանդիպող և էական պատճառներից է: Հիպերտոնիան, արթրիտը, արյան շրջանառության խանգարումները, մարմնի անկայուն ջերմաստիճանը, երիկամների քարերը, ստամոքսի խանգարումները և փորկապությունը տարածված խանգարումներ են տարեց մարդկանց շրջանում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են ջրի ոչ նորմալ ընդունման հետ: Տարիների ընթացքում երիկամների ֆունկցիան նվազում է, ծարավի զգացողությունը թուլանում է, ինչը հանգեցնում է մարմնի ջրի ընդհանուր քանակի նվազման: Ուստի խորհուրդ է տրվում գիտակցաբար ջուր խմել, եթե ծարավ չեք էլ զգում: Ոչ բավարար քանակությամբ ջուր ընդունելու դեպքում սրտանոթային համակարգը ծանրաբեռնվում է: Արյունն ավելի է թանձրանում, որը հանգեցնում է սրտի ավելի արագ աշխատանքի և արյան շրջանառության դանդաղման: Վերջինս նույնպես տարածված խնդիր է տարեց մարդկանց շրջանում: Մինչդեռ հնարավոր է հեշտությամբ խուսափել շատ առողջական խնդիրներից` անհրաժեշտ քանակությամբ ջուր խմելով: