Նոյի տեխնոլոգիա

«Նոյ» աղբյուրի խմելու ջրի շշալցումն իրականացվում է որոշակի տեխնոլոգիայով, շշալցվող ջրերին ներկայացվող հիգիենիկ պահանջների պահպանմամբ: «Նոյ» աղբյուրի խմելու ջրի շշալցման տեխնոլոգիան ներառում է հետևյալ հիմնական քայլերը.

• աղբյուրի ջրի տեղափոխում խողովակաշարի միջոցով աղբյուրից մինչև գործարան,
• ջրի պահեստավորում,
• մշակում (համի, հոտի և գույնի համապատասխանեցում, ֆիլտրում),
• մանրէազերծում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ,
• տարաների լվացում/ցայում,
• շշալցում,
• խցանավորում,
• խոտանավորում,
• կոդավորում,
• պիտակավորում,
• փաթեթավորում,
• պահպանում,
• տեխնոլոգիական ողջ գործընթացում ջրի որակի վերահսկում լաբորատոր պայմաններում:

Հարկ է նշել, որ և խողովակատարը և ջրի կուտակման համար նախատեսված տարողությունները պատրաստված են չժանգոտվող մետաղներից, որոնք պարբերաբար ախտահանվում են: Ջրի ֆիլտրման մեխանիզմները գերմանական խոշորագույն «Pall Corporation» ընկերության լավագույն արտադրանքներից են: Նախքան ֆիլտրումն իրականացվում է ջրի համի, հոտի և գույնի համապատասխանեցում ակտիվացված ածխի ֆիլտրի օգտագործմամբ: Ածխի վերականգնումը կատարվում է ամեն օր հետադարձ լվացման մեթոդով: Ֆիլտրման գործընթացն ապահովում է ջրի նախապատրաստումը մանրէազերծման համար: Ջուրը հաջորդաբար անցնում է 5 մկմ, 3 մկմ, 1 մկմ և 0,2 մկմ ծակոտիներ ունեցող քարթրիջային պոլիէսթերային ֆիլտրերով` ազատվելով կախյալ մասնիկներից և պղտորությունից: Մանրէազերծումն իրականանում է կվարցասնդիկային լամպերից արձակվող ուլտրամանուշակագույն տիրույթի էլեկտրամագնիսական ալիքների ազդեցությամբ: Շշալցումը կատարվում է բացառապես լվացված և ցայված ապակյա տարաներում, ցայված պոլիէթիլենտերեֆտալատե (ՊԷՏՖ) շշերում կամ ցայված պոլիկարբոնատային տարաներում: Ապակյա շշերի լվացումը կատարվում է նատրիումի հիդրօքսիդի 1-4%-անոց լուծույթով, ցայումը կատարվում է մի քանի քայլով, վերջում՝ ջրածնի պերօքսիդի 1-5 մգ/լ խտության լուծույթով և մշակված ջրով: ՊԷՏ շշերը շշափչվում են անմիջապես արտադրության ժամանակ: Ցայումն իրականացվում է ջրածնի պերօքսիդի 1-5 մգ/լ պարունակությամբ լուծույթով կամ օզոնի 0.01-0.1 մգ/լ պարունակությամբ մշակված ջրով:

Լվացող/ցայող մեքենայից շշերն ավտոմատ հոսքագծով տեղափոխվում են շշալցնող մեքենա: Շշալցումն իրականացվում է շշալցման ավտոմատ համակարգերով լցման խցիկներում, իզոբար մեթոդով: Խցանավորումը նույնպես կատարվում է ավտոմատ համակարգով, արտադրության և որակի հսկման օպերատորների մշտական հսկողությամբ: Խցանավորող մեքենան գտնվում է անմիջապես շշալցնող մեքենայի մեջ, ինչն ապահովում է շշալցված արտադրանքի ստերիլությունը պիտանիության ժամկետի ընթացքում: Խցանավորված շշերը կոդավորվում են կոդավորող լազերային մեքենայի միջոցով: Բոլոր շշերի վրա նշվում են արտադրման ամսաթիվը, ժամը, խմբաքանակը: Պատրաստի արտադրանքը պիտակավորվում է գեղարվեստորեն ձևավորված պիտակներով: Պիտակավորումից հետո արտադրանքը փաթեթավորվում է ջերմակծկումային թաղանթով, ավտոմատ ռեժիմով աշխատող մեքենայի միջոցով: Փաթեթավորված արտադրանքը պահվում է հատուկ` չոր և արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված պահեստային շինություններում, 5-20օC ջերմաստիճանի պայմաններում, տակդիրների վրա, որոնք բացառում են շշերի հպումը պատերին կամ հատակին: Շշալցված աղբյուրի ջուրը խորհուրդ է տրվում տնային պայմաններում պահել մութ և սառը տեղում, հորիզոնական վիճակում և հեռու արևի ուղիղ ճառագայթներից: Պիտանիության ժամկետը՝ 12 ամիս արտադրման օրվանից: