Գիտաժողովներ

«ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ» 


Բնական հանքային ջուր «Բջնի» և «Բջնի» վերականգնողական գոտի 

Կարապետյան Ա.Ա., Աղասաֆյանց Ա.Ռ., Մկրտչյան Լ.Ա., Մինասյան Ա.Ժ.

«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ, Հայաստան, Չարենցավան

«Չի կարելի ասել, որ ջուրը կարևոր է կյանքի համար, այն հենց կյանքն է» 
Անտուան դը Սենտ Էքզյուպերի


Հայաստանում բնական հարստությունների շարքում հատուկ տեղ են զբաղեցնում բազմաթիվ հանքային և ջերմային աղբյուրները: Հայտնի են մոտ 7500 քաղցրահամ և 1300 հանքային ջրերի աղբյուրներ, որոնցից շատերը օգտագործվում են սպա նպատակներով և նրանցից մեկը հայտնի բնական հանքային ջուր «Բջնին» է: «Բջնի» հանքային ջրերի գործարանը հիմնադրվել է 1976թ, սեփականաշնորհվել 1995-ին և վերանվանվել «ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի 2010թ: Ներկայումս աշխատանքներ են տարվում որակի բարելավման, արտադրանքի տեսականու ընդլայնման, ինչպես նաև ձեռնարկության տեխնիկական հագեցման ուղղությամբ: Շահագործման առաջին իսկ օրվանից տարվում են տեխնոլոգիական վերազինման և վերակառուցման, արտադրական հզորությունների ձեռքբերման, արտադրության պայմանների բարելավման, արդյունաբերական շինությունների և հարմարությունների կառուցման և այլ աշխատանքներ: Այսօր ջրի արտադրության ամբողջ գործընթացը ավտոմատացված է: Գործարանը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, իսկ արտադրամասերի և հարակից տարածքների սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին: Շնորհիվ արտադրության արդիականացման և աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի` «Բջնի» հանքային ջուրը ունի պահանջարկ ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայում:

«Բջնի»-ի բուժիչ հատկանիշները պայմանավորված են.

1) ընդհանուր հանքայնացման քիմիական հատկանիշներով, իոնային բաղադրությամբ, բնական ածխաթթու գազի և տարբեր օրգանական միացությունների պարունակությամբ;
2) ֆիզիկական հատկանիշներով, ջրածնային ցուցիչով, ջերմաստիճանով և ջերմակայունությամբ;
3) կենսաբանական հատկանիշներով, հակաբակտերիալ նյութերի և այլ միկրոօրգանիզմների առկայությամբ:

«Բջնի»-ի բաղադրությունը. «Բջնի» հանքային ջուրը դասվում է հիդրոկարբոնատային, նատրիումական, սիլիկատային, բորային հանքային ջրերի խմբին: «Բջնի» հանքային ջրի հիմնական ցուցանիշ է հանդիսանում ընդհանուր հանքայնացումը , որը իրենից ներկայացնում է բոլոր անիոնների, կատիոնների և չդիսոցված մոլեկուլների գումարը և կազմում է 4,9-6,5 մգ/դմ3: Քիմիական էլեմենտների, գազերի և օրգանական միացությունների պարունակությամբ են պայմանավորված «Բջնի» հանքային ջրի կենսաբանական և բուժիչ հատկանիշները: Լուծված հանքային աղերը ներկայացված են իոնների, կատիոնների և անիոնների տեսքով: Հիմնական կատիոններն են նատրիումը (Na+), կալիումը (К+), կալցիումը (Са2+) և մագնեզիումը (Mg2+), իսկ հիմնական անիոնները քլորիդներն են (Cl-), սուլֆատները (SO42-) և հիդրոկարբոնատները (HCO3-):

«Բջնին» խառը հանքային ջուր է, քանի որ պարունակում է բոլոր վերոնշյալ իոնները: Խառը հանքային ջրերը բարձր են գնահատվում, և դա պայմանավորված է նրանով, որ նրանք հնարավորություն են տալիս անցկացնել համալիր թերապիա` միաժամանակ բուժելով մի քանի օրգաններ: «Բջնին» նաև պարունակում է հետևյալ միկրոէլեմենտները` երկաթ, մկնդեղ, յոդ, բրոմ, սիլիցիում, պղինձ, կոբալտ, մանգան: «Բջնի» հանքային ջրի բուժիչ հատկանիշները պայմանավորված են նաև այդ միկրոէլեմենտների պարունակությամբ: Իր բաղադրությամբ «Բջնի» հանքային ջուրը նման է ֆրանսիական «Վիշի» հանքային ջրին: «Բջնի»-ն համապատասխանում է բոլոր էկոլոգիական և սանիտարահիգիենիկ պահանջներին. լինելով բնական գազավորված` այն 370 °C ջերմաստիճանում արդյունահանվում է 200մ խորությամբ հանքահորից:

«Բջնի» հանքային ջրի մեջ չկան խմելու հանքային ջրերի համար նորմավորվող կամ թունավոր միկրոէլեմենետներ, այդ թվում` ծանր մետաղներ (կապար, մերկուրի, կադմիում և այլն), ազոտի խմբի միացություններ (նիտրիտներ, նիտրատներ, ամոնիում), ինչպես նաև ֆտորիդ, ստրոնցիում, սելենիում և ռադիոնուկլիդներ, կամ նրանց պարունակությունը խմելու հանքային ջրերի համար սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից ցածր է: Օրգանոլեպտիկ հատկանիշներով ջուրը թափանցիկ է, անգույն, անհոտ և առանց նստվածքների: Ջրի սանիտարամիկրոկենսաբանական վիճակը բավարարում է ներկայացվող պահանջներին: «Բջնի» հանքային ջրի նախորդ բազմաթիվ տարիների հետազոտությունների և ներկայիս փորձարկումների արդյունքների համեմատությունը հաստատում է նրա բաղադրության և որակի կայունությունը: